ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Աքլորի խոսքից

petukh-animatsionnaya-kartinka-0023

Ես մի օր, ծուղրուղո՜ւ, քուջուջ էի անում, մեկ էլ հանկարծակի ոսկի գտա, կո-կո-կո՜։ Հետո բոլորին ասում եմ․ <<Ծուղրուղո՜ւ, փող եմ գտել>>։

Բոլորը լսում են ինձ, բայց նազիր-վեզիրը, ծուղրուղո՜ւ, իմ գտածը վերցնում է ու հասկանում եմ, որ նազիր-վեզիրը տանում է այդ գտածս ոսկին, կո-կո-կո՜, թագավորի մոտ։

 Ես էլ բղավում եմ, որպեսզի թագավորը խայտառակվի․ <<Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց>>։

Իմ բղավոցից հետո նազիր-վեզիրը բերում է իմ գտած, ծուղրողո՜ւ, ոսկիս։ Տեսնում եմ, կո-կո-կո՜, թագավորն ինձնից վախեցել է։

Ու դրա համար բոլորին բացականչում եմ․ <<Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձնից վախեց>>։

Հետո գալիս է նազիր-վեզիրը, որպեսզի ինձ հյուր տանի, կո-կո-կո՜, թագավորի մոտ, չնայաց այդ ժամանակ կարծում էի, որ նազիր-վեզիրը, ծուղրուղո՜ւ, աչքերի հետ խնդիր ունի, քանի որ ես ոտքեր ունեմ, որպեսզի ինքս գնամ թագավորի մոտ, կո-կո-կո՜։

Իսկ հետո կչկչում եմ․ <<Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ>>։

Այնքան անհարմար էր բռնել այդ վատատես նազիր-վեզիրը, որ քիչ եմ մնում, ծուղրուղո՜ւ, կտուցովս կտցեի իրեն։

Հետո մտնում եմ թագավորի տունը։ Ծուղրուղո՜ւ, տեսնում եմ, որ թագավորը ինձնից դժգոհ է։ Ու նա հրամայում է նազիր-վեզիրների ինձնից ճաշ պատրաստել, կո-կո-կո՜։

Ես ուժեղ աքլոր էի, և ինձ թվաց, որ ես տաք-տաք բաղնիք եմ ընդունում, բայց իրականում ինձ, ծուղրուղո՜ւ, եփում էին։

Ու ես ասացի․ <<Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․>>։

Հետո ինձ ափսեի վրա են դնում ու, կո-կո-կո՜, տանում են ինձ թագավորի սեղանի մոտ։ Ես էլ իմ համար լոգանք էի ընդհունում էլի՜, իսկ էս, ծուղրուղո՜ւ, անխելք նազիր-վեզիրները արագ վերցրեցին ինձ, կո-կո-կո՜։

Բացականչում եմ․ <<Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․>>։

Հետո թագավորը ավելի է զայրանում ու, կո-կո-կո՜, կուլ է տալիս ինձ։

Այնքա՜ն նեղ էր ու մութ, շնչելու տեղ չունեի, ծուղրուղո՜ւ։ Ու դրա համար ես գոռացի․

<< Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․>>։

Ու հետո թագավորն հրամայում է, որ զարկեն իր փորը, կո-կո-կո՜։ Եվ էս անմիտ նազիր-վեզիրները զարկում են։ Թագավորը մահանում է, իսկ ես, ծուղրուղո՜ւ, արագորեն փախչում եմ։

Իսկ հետո էս ոսկով գնում եմ ինձ մոտիկ գտնվող, կո-կո-կո՜, խանութ, և այնտեղից գնում եմ իմ համար հացի փշուրներ։

Ծուղրուղո՜ւ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *